38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հազարամյա քաղաքակրթությունից սնվող արվեստը

Հազարամյա քաղաքակրթությունից սնվող արվեստը
23.04.2023 | 09:12

Աշխարհի բեմերում ջազի ազնվականը՝ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ, պատմում է հայի մասին:

…Ամեն հայ արվեստագետի ստեղծած մշակութային արժեքը մնայուն է դառնում, երբ աշխարհի ժողովուրդների ընտանիքում ի՛ր ազգի գույնն է բերում: Այսպես է ծնունդ առնում նաև կոմպոզիտոր Գարի Քյոսայանի երաժշտությունը: Իսկ երբ արվեստագետը կոմպոզիտոր է ու միաժամանակ նաև՝ նկարիչ, ապա նա ի՛ր ազգին ու աշխարհին ընծայում է ոգեղեն երաժշտություն, որի հնչյունները աշխարհի բեմերում վերածվում են իսկական «կտավների»՝ պատմելով, որ եղել է ու կա մի ազգ, որ 10-րդ դարում Գրիգոր Նարեկացի է ծնել, ում այսօր նույն եվրոպացի հայագետներն անվանում են երրորդ հազարամյակի մեծագույն մտածող:

Ջազմեն Գարի Քյոսայանի, ինչպես իրեն են անվանում՝ «ջազի ազնվականի» երաժշտությունը օտար ժողովուրդների համար հենց այդ հոգու ճանապարհներից մեկն է՝ հաղորդակցվելու հայ մշակույթի ու նրա հնամենի ակունքների հետ: Եվ Գարի Քյոսայանի յուրաքանչյուր համերգը, իսկապես, նման է հրաշքի արարման, երբ օտար հանդիսատեսը նրա երաժշտության և կատարումների մեջ տեսնում է Մաշտոցին, Նարեկացուն, Շնորհալուն, Կոմիտասին, մեր անցյալի հերոսական մաքառումները: Իսկ երբ դահլիճում հա՛յ հանդիսատեսն է, ապա համերգի ավարտից հետո վերադառնում է իր ակունքները վերագտած, թե ինչպես պետք է քայլենք ժամանակակից աշխարհում ու ինչպես պիտի ապահովենք մեր մշակույթի հարատևությունը:

… Ապրիլի 15-ին «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահում ջազմեն երաժիշտ Գարի Քյոսայանը հանդես եկավ համերգով: Հենց այդ օրը լույս էր տեսել մաեստրոյի նոր՝ «Արմենիա» ձայնասկավառակը, որն ընդգրկում է յոթ ստեղծագործություն, որոնք շարունակելու են աշխարհին պատմել մեր հնամենի ազգի մասին, որի պատմության սկիզբը կորչում է հազարամյակի խորքում:

Մաեստրոյի երաժշտությունը հայ արվեստագետի զրույցն է իր ժողովրդի և աշխարհի հետ, որը լսելով ինքդ էլ ես զրույցի բռնվում մեր մեծ նախնիների ու անցյալի հանճարների հետ: Եվ համոզվում, որ ինչպիսին էլ լինի մարդկության պատմության հետագա ընթացքը, մենք պարտավոր ենք մեր արժեքներից կառչած՝ հարատևել…և ինքներս պիտի դառնանք առաջամարտիկ՝ աշխահում համամարդկային արժեքներ տարածելու, ինչպիսին եղել ենք պատմական հին ժամանակներում: Եվ մաեստրոն սրանով իր ժողովրդին ու աշխահին ուզում է կրկնել Համո Սահյանի տողերը.

Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,

Կգամ ու թափ կտամ

Հարդագողի փոշին շեմքիդ վրա…

Գարի Քյոսայանի այս՝ հերթական համերգը նշանավորվեց նաև հենց «Armenia» ձայնասկավառակի շնորհանդեսով: Իսկ անվանումը ծնվել է համանուն ստեղծագործությունից. հենց այդ «բաբախող սիրտն» է, որի զարկը մարդկությանը հիշեցնելու է, որ այստեղ՝ Հայկական Բարձրավանդակում է գտնվում աշխարհի հնագույն քաղաքակրթության ակունքներից մեկը:

Ահա այն ստեղծագործությունները, որ տեղ են գտել ձայնասկավառակում. «Milky Way», «Walstz for Maria», «Armenia» , «Romance», «Fresh Air», «Evening Serenade», «Morning»…Եվ այս ստեղծագործությունները ձայնագրվել են դեռ 2016 թվականին՝ աշխարհահռչակ ջազմենների կատարմամբ. Լուիս Վան Թեյլոր (սաքսոֆոն), Հենրի Ֆրանկլին (կոնտրաբաս), Վիլլի Ջոնս (հարվածային) և Գարի Քյոսայան (դաշնամուր): Ձայնագրությունը կատարվել է այն ժամանակ, երբ Մաեստրոն իրականացրել էր միջազգային մեծ նախագիծ՝ «Ջազն ընդդեմ ցեղասպանության». սա արվեստի միջոցով պայքար էր մարդկությանն ուղղված հանցագործությունների ու ցեղասպանությունների դեմ:

...Համերգի առաջին բաժինը բացվում է «Կիրկնօրյա բլյուզ» ստեղծագործությամբ, որն, ասես, ձոն է մեր քաղաքին, այստեղ ապրած մարդկանց: Այս ստեղծագործությունը Երևանի գույներն են: Հետո «Վալս Մարիայի համար» ստեղծագործությունն է, որը արվեստագետը նվիրել է իր դստերը: Եվ այս լուսավոր ստեղծագործությունը ոչ միայն կոմպոզիտորի կյանքի երջանիկ դրվագի մասին է, այլև ասես, մարդկությանը հղել է ընտանիքը որպես արժեք ամուր պահելու գաղափարը: Կարո՞ղ ենք ասել, որ նախնյաց ավանդած արժեքները պահելով է, որ պիտի ամուր լինի նաև Հայոց Կենաց ծառի արմատը: Կարծում եմ ՝ կարող ենք: Եվ, կարծում ենք, պատահական չէր, որ հաջորդ ստեղծագործությունը կոչվում էր «Ծիրանի ծառ»…Եվ Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը նման է աղոթքի: Ստեղծագործությունը հնչեց անվանի օպերային երգչուհի Իրինա Զաքյանի անզուգական կատարմամբ: ՈՒ հայ արվեստագետի հոգին միշտ լի է լավատեսությամբ, որ, այո՛, ապրելու է Հայոց աշխարհը: Եվ մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում ապրեցնող ուժ է Գարի Քյոսայանի «Լույս» ստեղծագործությունը, որը հնչեց առաջին անգամ: Սա, ասես, ձոն է ապագային՝ Հայի ապագային, որ դեռ պիտի վերականգնի իր բաժին արդարությունը… Լսում եմ: Եվ հնարավոր չէ չմտաբերել մեծն Թումանյանի՛ տողերը.

ՈՒ պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազա՜ր լուսապայծառ հոգիներով ճառագած…

Հավատում ենք…որովհետև բեմում են «Արևիկ» համույթի շնորհալի փոքրիկները: Եվ շատ մեծ խորհուրդ ունի, որ մանկան շուրթերով հնչում է «Երկիր անառիկ» ստեղծագործությունը:

…Հետո մաեստրո Գարի Քյոսայանի «Ծիր Կաթին» ստեղծագործության հնչյունները գալիս են ավելի ամրացնելու հավատը, որ հազարավոր տարիներ առաջ Տիեզերքի հետ զրույց արած ազգը, այո՛ , հարատևելու է ու շարունակելու է աշխարհին պատմել ի՛ր մասին… Շատ համահունչ ավարտ է հանդիսանում «Հոգեվիճակ» ստեղծագործությունը՝ լի մտորումներով ու զգացմունքներով…Եվ ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ստեղծագործություն շունչ ու ոգի էր ստանում մաեստրոյի ու «Ջազ քառյակի» անզուգական կատարումներով:

Համերգի երկրոդ բաժինը սկսվում է Գարի Քյոսայանի «Լռություն» և «Հրեշտակների պար» ստեղծագործություններով: Հետո երգչուհի Ալլա Սահակյանն իր արտիստական գեղեցիկ կատարումներով նոր գույն ու երանգ է բերում ՝ Գարի Քյոսայանի «Երեկվա սեր», «Անձրևի արցունքներ» ստեղծագործություններով: Նա կատարեց նաև Օսվալդո Ֆերիեսի հայտնի «Գուցե, գուցե, գուցե» երգը…

Գարի Քյոսայանի «Արմենիա» ստեղծագործությունը ամբողջացրեց համերգի ամբողջ ոգին՝ խորհրդանշելով նաև համանուն ձայնասկավառակի ծնունդը: Իսկ եզրափակիչ ակորդը հանդիսացավ «Էդդի» ստեղծագործությունը:

«Մի մեծ երազանք ունեմ, որ ամեն հայ հասկանա, թե ինքն ով է, որտեղ է ապրում՝ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ»

…Համերգի նախօրեին բացառիկ առիթ էի ունեցել զրուցելու Մաեստրոյի հետ, և նա սիրով ինձ հետ կիսել էր իր խոհերը մեր ազգային արժեքների , ջազի մասին: Ներկայացնում եմ հարցազրույցը.

- Մաեստրո, գիտենք, որ «Արմենիա» սկավառակը թողարկելու հետ կապված աշխատանքները սկսվել էին դեռ 2016 թվականից և տևեց ուղիղ յոթ տարի: Կուզեի խոսեք այս մասին:

-Չեք պատկերացնի, թե ինչքան դժվարություններ հաղթահարեցիք մինչև հասցրեցինք թողարկել, որքան ծանր աշխատանք էր: Ձայնասկավառակի ծնունդը տևեց յոթ տարի: Դեռ 2016 թվականին ԱՄՆ-ից եկել էին ընկերներս, ովքեր աշխարհում ջազի հսկաներ են և մասնակցում էին «Ջազն ընդդեմ ցեղասպանության» համերգին: Հրավիրված էին շատ հայտնի երաժիշտներ՝ սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Հենրի Ֆրանկլինը և հարվածային գործիքներից Վիլլի Ջոնսը: Մենք այդ ժամանակ ունեցանք և՛ համերգ, և՛ ձայնագրություն: Այդ ձայնագրությունները մնացել էին, որովհետև ես զբաղված էի համեգային գործունեությամբ, ներկայացման համար երաժշտություն գրելով: Եվ անընդհատ ձգձգվում էր: Բայց, ինչ խոսք, զուգահեռ աշխատում էի նաև մեկ այլ ձայնասկավառակի նախապատրաստական աշխատանքների վրա: Աշխատում էի նաև ստեղծագործությունների ընտրության վրա, թե ո՛ր գործերը պետք է տեղ գտնեն: Վերջապես, անցյալ տարի արդեն սկսեցինք աշխատել սկավառակի թողարկման ուղղությամբ: Եվ այս տարի վերջապես լույս տեսավ ձայնասկավառակը՝«Արմենիա» խորագրով: Ընդգրկվել են յոթ գործեր՝ «Ծիր Կաթին», «Վալս Մարիայի համար», «Արմենիա», «Ռոմանս», «Մաքուր օդ», «Երեկոյան սերենադ», «Առավոտ»:

- Ամերիկացի հանրահայտ ջազմեններն ի՞նչ աշխարհ են բացահայտում իրենց համար ՝ շփվելով Ձեր արվեստի հետ և Ձեր միջոցով բացահայտելով հայ ազգին:

-Հայ ազգին ոչ թե բացահայտում են, այլ գնահատում են շատ բարձր: Կա մարդկային և հոգևոր բարձր մակարդակի վրա գտնվող ունկնդիր: Ես իմ ստեղծագործական կյանքի ընթացքում շատ հռչակավոր երաժիշտների հետ եմ աշխատել, շատերին հրավիրել եմ Հայաստան՝ ինձ հետ ելույթ ունենալու: Նրանք պարզապես հիացած են հայ ժողովրդի բարիկամեցողությամբ, մեր մշակույթով, մեր հոգևոր արժեքներով…Մեր երկրում մի անբացատրելի էներգետիկա կա, որ աներևույթ ձևով ազդում է երաժիշտների հոգևոր աշխարհի և, ինչ խոսք, կատարողական արվեստի վրա: Եվ դա անբացատրելի է…

-Հարգելի Մաեստրո , այս առթիվ ակամա հիշեցի համաշխարհային կինոյի լեգենդ Տոնինո Գուերային, ով իր հերթին մեծ կապեր ուներ Հայաստանի հետ, հատկապես Սերգեյ Փարաջանովի: Տարիներ առաջ Երևանում հյուրընկալված ժամանակ ասել էր այսպիսի հետաքրիր միտք՝ հանճարին բնորոշ. «Իմ տունը Հայաստանում գտնվում է այնքան բարձր, որ լսում եմ Աստծո հազը» : Տուն ասելով՝ նկատի է ունեցել գուցե հենց հոգու՛ տաճարը: Ձեր արվեստակից ընկերների շրջանում եղե՞լ են այսպիսի ուշագրավ դիտարկումներ Հայաստանի հետ կապված:

-Իհարկե…Շատ են եղել: Կար մի աշխարհահռչակ բասկիթառահար՝ Մայքլ Սոուսեր: Մի անգամ նա ինձ ասաց.

-Ես ապշած եմ: Առաջին անգամն եմ տեսնում այսպիսի երկիր: Երբ վերադառնամ, ոչ ոքի չեմ ասելու, որ այսպիսի երկիր գոյություն ունի:

Զարմացա: Ասացի.

-Ինչու՞:

Ասում է.

-…Որ չգան ու չփչացնեն այս երկիրը:

Անշուշտ, դուք գիտեք նաև Բայրոնի խոսքերը հայերի ու Հայաստանի մասին: «Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է» : Մի մեծ երազանք ունեմ, որ ամեն հայ հասկանա, թե ինքն ով է, որտեղ է ապրում՝ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, ազգ ինչպիսի քաղաքակրթություն ունի թիկունքին: Երազում եմ, որ մենք կարողանանք այսօր մեր մեջ ուժ գտնել, ոտքի կանգնելու մեր այսքան ծանր կորուստներից հետո և պահպանելու մեր այս հոգևոր-մշակութային հզոր ժառանգությունը:

-Հարգելի՛ Մաեստրո, Դուք հենց մեր այդ հոգևոր-մշակութային ժառանգությունից սնվող արվեստագետ եք: Եվ դրա կնիքը կա Ձեր բոլոր ստեղծագործություններում, որոնք այսօր իրենց տեղն ունեն համաշխարհային ջազում: Կուզենամ Ձեր խոսքն ասեք այն մասին, թե այսօր ինչպիսի՞ խզված կապ եք տեսնում այսօրվա հայ մարդու և իր անցյալ միջև:

-Խոսքս դրա մասին էր, որ ազգը պիտի հասկանա, թե ինքն ով է, որտեղից են գալիս իր ակունքները և ուր է գնում: Եվ այն հսկայական գանձը, որ հայ ազգը տվել է համաշխարհային գիտության ու արվեստի ասպարեզներում, զարմանալի և անընդգրկելի է: Չափազանց մեծ է եղել հայ ազգի լուման համաշխարհային մշակույթի գանձարանում: Նկարիչ Այվազովսկին, կոմպոզիտոր Խաչատրյանը, Եկմալյան, Ազնավուրը, Միշել Լեգրանը, գրողներից՝ Վիլիամ Սարոյան…էլ չեմ ասում՝ հանճարների հանճար Նաեկացին: Աշխարհում միակ հանճարն է, որ չի խոսել Աստծո մասին, այլ խոսել է Աստծո հետ: Հիշում ենք չէ՞ Նարեկացու «Մատյանի» անվանումը՝« Ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո»: Այսպիսի հոգու և հզորագույն մտքի ժայթքում չեք գտնի համաշխարհային գրականության մեջ: Էլ չեմ ասում՝ Նարեկացու տաղերը:

-Եվ այս առումով ուզում եմ հիշենք այսպիսի մի փաստ: Մի քանի տարի առաջ ֆրանսուհի երաժշտագետի հոդված կարդացի, որտեղ ասում էր, որ Բախի ֆուգաների տաղաչափությունը Եվրոպա է եկել միջնադարյան հայ երաժշտությունից: Իսկ մեկ այլ ֆրանսիացի՝ արդեն հռչակավոր հայագետ, թարգմանիչ Ժան- Պիեռ Մահեն իր հարցազույցներում ասել է բազմիցս. «Եթե հայ ազգը ուրիշ ոչինչ չստեղծեր, Նարեակացու «Մատյան ողբերգությունը» բավական էր, որ հայ ազգը իր տեղն ունենա համաշխարհային քաղաքակրթության մեջ»:

-Միանշանակ: Անցյալ օրը «Գոլոս Արմենի» թերթին հարցազրույց էի տալիս: Եվ խոսք եղավ հենց Նարեկացու մասին: Հարցնում էին, թե ինչու՞ է ջազն այդքան հոգեհարազատ հայ ժողովրդին: Իսկ ինձ համար ամեն ինչ շատ պարզ է. հայ ազգը առաջին հերթին մտածող ազգ է. ուր գնում է , տվյալ երկիրը ծաղկացնում է իր ստեղծագործ հանճարով: Եվ դա՝ իր մտքի շնորհիվ : Իսկ ջազն իմպովիզացիա է, , հոգևոր մտքի իմպրովիզացիա …Դա այնպիսի հոգեվիճակ է, որ մարդ, երևի, ուղիղ կապ է հաստատում Տիեզերքի հետ: Եվ այդ պահին գալիս է այն ուժը, մտքերը, որ չէիր մտածում, որ կարող են գալ…

Նարեկացու «Մատյանը» կարդում ենք ու ապշում ենք, թե ինչպիսի՜ իմպրովիզացիոն մտքի է տիրապետում համաշխարհային այդ անչափելի մեծությունը: Դուք կտեսնեք, թե միևնույն միտքը նա քանի՜ հարյուր անգամ կարող է իմպրովիզացիոն ձևով հաղորդել ու մեկնել:

Տեսեք, թե ինչ պատկեր է.

Եթե անգամ ողջ մայրի անտառներն

այն Լիբանանի

Զոդելով դարձնեմ կշեռքի լծակ

Եվ մի նժարին իբրև կշռաքար

Արարատ լեռը դնելու լինեմ,

Դարձյալ չի կարող նա իր ծանրությամբ

Իջնելով հասնել, համազուգակցել ու հավասարվել

Մյուս նժարի հանցանքներիս հետ:

Ի՜նչ խոսքեր են սրանք…ի՜նչ խոսքեր են…Մարդկությանը մաքրության ճանապարհին տանող խոսքեր են սրանք: Եվ այսպիսի պատկեր չեք գտնի որևէ այլ տեղ…

-Մաեստրո, այսպիսի հարց եմ ուզում ուղղել. Ալան Հովհաննեսը համարվում է ամերիկյան սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը, բայց իր երաժշտության մեջ լսում ենք մեր միջնադարյան շարականները: Կարո՞ղ ենք ասել, որ Դուք էլ ջազ երաժշտություն ստեղծագործում եք՝ սնվելով մեր միջնադարյան երաժշտությունից, մեր հոգևոր ակունքներից:

- Միանշանակ: Պարտադիր. իմ ստեղծագործության արմատները գալիս են մեր միջնադարյան երաժշտությունից: Մակար Եկմալյանի ստեղծագործություններում ներկա են մեր հոգևոր ակունքները, շա՜տ մեծ կապ կա, շա՜տ-շա՜տ մեծ կապ կա՝ հոգևոր մտծելակերպի, լադային մտածելակերպի, հարմոնիկ մտածելակերպի առումով: Զարմանալու բան է, որովհետև Եկմալյանի երաժշտությունը աշխարհում լավագույն հոգևոր երաժշտության շարքին է դասվում: Եվ, եթե մի փոքր անալիզ անենք Եկմալյանի երաժշտությունը, դա մի մեծ գանձարան է, որտեղ երաժիշտները կարող են քաղել շատ նյութեր, և այդ ծառը շատ պտուղներ կարող է տալ ՝տարբեր երանգներով և գույներով: Եկմալյան, Կոմիտաս, Խաչատուրյան…Ինչ խոսք, մանկուց ականջս լցված է եղել այդ երաժշտությունով …Ինչու չէ , Ռախմանինով: Եվ ես երբեմն ասում եմ. Ռախմանինովը ճիշտ է, հայ չէ, բայց նա երաժշտության մեջ այնքա՜ն համամարդկային է, այնքան հոգեհարազատ, որ ես դրանում հայկական երաժշտական մտածողություն եմ տեսնում և զգում: Սա՛ է արվեստի իսկական մեծությունը:

-Ի՞նչ կմաղթեք արվեստագետների նոր սերնդին:

-Նրանք պետք է ծառայեն արվեստին, և բեմում երաժշտություն ցույց տան, այլ ոչ թե իրենց:

…Այսպես է ապրում և արարում մաեստրո Գարի Քյոսայանը, ում ստեղծագործությունները, վստահ ենք, դարերում էլ են աշխարհին պատմելու հայկական քաղաքակրթության մասին: Իսկ Հայաստանն այն երկիրն է, որտեղ Աստծո և մարդու միջև հաստատվեց սրբազան ուխտը. գուցե հենց սրանի՞ց է գալիս տաղանդավոր հայ արվեստագետների ինքնատիպությունը:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ Խանդութ ՊԱՐՈՒՅՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4558

Մեկնաբանություններ